ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ի՞ՆՉ Է, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԵԽԱ՞ Է, ՈՐԻՆ ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ»

«Ի՞ՆՉ Է, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԵԽԱ՞ Է, ՈՐԻՆ ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ»
13.04.2010 | 00:00

Քառամյա ընդմիջումից հետո` 2010-ի մարտի 29-ին, երկօրյա պաշտոնական այցով կրկին Թուրքիա ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և առաջին քայլը, որ արեց Անկարայում, Աթաթյուրքի դամբարան` Անըթքաբիր այցելելն էր: «Ժամանակակից Թուրքիայի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքին հարգում են իր արած գործերի համար: Հետագայում էլ Գերմանիան ու Թուրքիան կուղեկցեն միմյանց»,- գրեց Մերկելը Աթաթյուրքի և քեմալական շարժման թանգարանի հատուկ տետրում: Վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հետ Մերկելը քննարկել է Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության, Գերմանիայում թուրքական դպրոցների բացման, Իրանի միջուկային ծրագրի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի ահաբեկչության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը:
Առանձնապես կարևորվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և Գերմանիայում թուրքական դպրոցների բացման խնդիրները: Մերկելը կարծում է, որ այժմ նպատակահարմար չէ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին: Դրա փոխարեն Մերկելը պաշտպանում է Ֆրանսիայի ու Ավստրիայի կողմից Թուրքիային առաջարկվող «արտոնյալ անդամակցության» գաղափարը, ինչը դժգոհություն է հարուցում Թուրքիայում: Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել է. «Մեզ համար, ԵՄ-ին լիիրավ անդամակցելուց բացի, գոյություն չունի որևէ այլընտրանք»: Մերկելի կարծիքով` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ է, որ նա իր նավահանգիստներն ու օդանավակայանները բացի Կիպրոսի հունական հատվածի համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան ձգձգում է այդ կապակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Նախքան Մերկելի Թուրքիա այցելելը, Էրդողանը Գերմանիայում թուրքական դպրոցների բացման կապակցությամբ հայտարարել էր. «Գերմանիայում թուրք երեխաների կրթական գործերը լավ չեն ընթանում, նախ թուրքերեն են սովորում, ապա` գերմաներեն: Երեքից հինգ տարեկան երեխաներն ի վիճակի չեն միաժամանակ 3-4 լեզու սովորելու: Գերմանիայում թուրքերն իրենց լավ չեն զգում: Մերկելը չի ցանկանում Գերմանիայում բացել թուրքական դպրոցներ: Ես Մերկելից նման մոտեցում չէի սպասում: Ի՞նչ է, Թուրքիան երեխա՞ է, որին ապտակում են»:
Էրդողանի այս հայտարարությունը նոր բան չէ. Գերմանիայում թուրքական դպրոցների բացման հարցն առաջին անգամ նա արծարծել է 2008-ի փետրվարին` Քյոլնում. «Գիտելիքը սահմաններ չի ճանաչում: Թուրքիայում մենք ունենք գերմանական միջնակարգ դպրոցներ, ինչո՞ւ թուրքական միջնակարգ դպրոցներ չպետք է ունենանք Գերմանիայում: Այս պահին մենք աշխատանքներ ենք տանում Թուրքիայում գերմանական համալսարան ստեղծելու շուրջ: Ինչո՞ւ մենք Գերմանիայում չպետք է ունենանք թուրքական համալսարան»:
Էրդողանը, սակայն, «մոռանում» է, որ Թուրքիայում գործող գերմանական դպրոցները գերազանցապես նախատեսված են դիվանագետների երեխաների համար, որոնք միայն ժամանակավորապես են գտնվում Թուրքիայում, մինչդեռ Գերմանիայում ստեղծվելիք դպրոցների պարագայում պատկերը լրիվ այլ է. դրանք նախատեսված են լինելու Թուրքիայից ժամանած վտարանդիների համար, որոնք, սակայն, ամենևին էլ չեն շտապում վերադառնալ հայրենիք և մտադիր են իրենց կյանքը կառուցել Գերմանիայում:
Բեռլինի թուրքական համայնքի նախագահ Բեքիր Յըլմազն իր հերթին նշել է. «Բեռլինում գոյություն ունեն հունական, հրեական վարժարաններ, կաթոլիկների ու բողոքականների դպրոցներ: Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ բացել թուրքերի կամ մահմեդականների դպրոցներ»:
Մերկելի այցելությունից առաջ Էրդողանն անդրադարձել է նաև Գերմանիայում երկքաղաքացիության խնդրին: Էրդողանը գերմանական կողմին առաջարկում է վերանայել երկքաղաքացիության հարցը, քանի որ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար թուրք վտարանդիները ստիպված են հրաժարվել Թուրքիայի քաղաքացիությունից: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Եվրամիության անդամ երկիր չէ։ Այս կապակցությամբ Էրդողանը գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է. «Կարծում եմ` շատ ցավալի է, որ Գերմանիան ԵՄ-ի այն երկրների թվում է, որոնք արգելում են երկքաղաքացիությունը: Հուսով եմ` մի օր Գերմանիան դա կանի»: Էրդողանի այս հայտարարությունը նույնպես նորություն չէ. 2008-ին Քյոլնում նա պրովոկացիոն հայտարարություն էր արել, ըստ որի` Գերմանիայի թուրքերը չեն կարող սպասել իրենց «ասիմիլացմանը» և չեն կարող հերքել իրենց թուրքական ծագումը:
Հարկ է նշել, որ Գերմանիայում ծնված և օտար ծնողներ ունեցող երեխան կարող է երկքաղաքացիություն ստանալ միայն այն դեպքում, եթե ծնողներից մեկը վերջին 8 տարիներին կանոնավոր բնակվել է Գերմանիայում, բայց 23 տարեկան հասակում երեխան պետք է ազգություններից մեկի օգտին ընտրություն կատարի:
Հայտնի է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մինչ Թուրքիա այցելելը, խիստ բացասաբար էր վերաբերվում Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու Էրդողանի առաջարկին: Այս հարցում տարբեր են Գերմանիայի նախկին ու ներկա կանցլերների կարծիքները: Մասնավորապես, Գերմանիայի նախկին կանցլեր, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գերհարդ Շրյոդերը հայտարարել է, որ կողմնակից է երկրում մեծաթիվ թուրքական դպրոցների բացմանը. «Թուրքիայի վարչապետը շատ լավ առաջարկ է արել: Մենք պետք է մեր երկրում ավելի շատ գերմանա-թուրքական դպրոցներ ունենանք: Եվ դա կարևոր է ոչ միայն թուրքերի` գերմանական հասարակությանն ինտեգրվելու առումով, այլև նրա համար, որ դրանով Գերմանիան ավելի բազմազգ կդառնա: Գերմանիայում գործում են անգլիական, ֆրանսիական, հունական և այլ դպրոցներ, ինչո՞ւ չեն կարող գործել նաև թուրքական լիցեյներ: Անկախ իրենց արմատներից` մեր բոլոր երեխաները պետք է տիրապետեն գերմաներենին»: Շրյոդերի այս մոտեցումը զարմանալի չէ, քանի որ, ի տարբերություն Անգելա Մերկելի, Շրյոդերն ավելի լոյալ է տրամադրված Թուրքիայի նկատմամբ:
Մինչդեռ Մերկելն ընդդիմանում է Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու առաջարկին` համոզված լինելով, որ դա կարող է խոչընդոտել ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը գերմանական հասարակությանը: Մերկելի մտավախությունը տեղին է. ներկայում թուրք վտարանդիները նախընտրում են ամուսնանալ Թուրքիայից ժամանած թրքուհիների հետ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում պահպանելու իրենց ավանդական ընտանեկան համակարգը: Գերմանիայում ծնված թուրքերը Գերմանիայի քաղաքացիություն ստանալու պարագայում հնարավորություն են ստանում առավել մեծ գումարներ վաստակելու: Եվ չնայած դրան` այդ հանգամանքը թուրք երիտասարդությանը չի դրդում ինտեգրվելու գերմանական հասարակությանը: Բացի այդ, Գերմանիայում բնակվող թուրքերն օրական հնարավորություն ունեն դիտելու ոչ թե գերմանական, այլ թուրքական հեռուստատեսություն, լսելու թուրքական ռադիո, կարդալու թուրքական թերթեր, օգտվելու թուրքական ինտերնետային ռեսուրսներից և այլն: Գերմանական սոցիոլոգների հավաստմամբ` թուրք վտարանդիների ավելի քան 50 տոկոսը նախընտրում է դիտել թուրքական հեռուստածրագրեր։ Բացի այդ, Գերմանիայում ներկայումս գործում է 300 մզկիթ, որոնցից 100-ում դիտվում են ծայրահեղական միտումներ:
Սակայն Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու Էրդողանի առաջարկն այս անգամ այլ արձագանք է ստացել Մերկելի կողմից: Թուրքիայում Մերկելը հայտարարեց. «Գերմանիայում նպատակահարմար չէ գերմաներեն չիմացող անձանց բնակությունը: Գերմանիայում կարող են բացվել թուրքական դպրոցներ, սակայն մի պայմանով, որ դա Գերմանիայում բնակվող թուրքերի համար գերմաներեն չսովորելու պատրվակ չլինի: Թուրքական դպրոցներում ուսումը պետք է երկլեզու լինի: Կարծում եմ` ոչ մի լավ բան չկա, եթե Գերմանիայում բոլոր թուրք դպրոցականները հաճախեն թուրքական դպրոցներ: Ինտեգրման տեսանկյունից դա չի հանգեցնի ոչ մի առաջընթացի, քանի որ թուրքական ծագմամբ երեխաներն ու դեռահասները, ըստ էության, պետք է հաճախեն գերմանական դպրոցներ»: Մերկելն ընդգծել է, որ խոսքը ոչ թե թուրքերի ձուլման, այլ պարզապես ինտեգրման մասին է:
Մերկելի այցը հաջողված կարելի է համարել, քանի որ նպատակներից մեկն էլ գերմանա-թուրքական համալսարանի բացման արագացումն էր, որի վերաբերյալ համաձայնագիրը 2008 -ի մայիսի 31-ին Բեռլինում կնքել են Գերմանիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Ալի Բաբաջանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի թուրքերին, ապա նրանք հայտարարում են, որ իրենք չեն ցանկանում թուրքական դպրոցներ: Գերմանիայի թուրքական համայնքի նախագահ Քեմալ Քոլաթը նշել է. «Գերմանիայի Սահմանադրության համաձայն` հնարավոր է դառնում հատուկ դպրոցների բացումը: Եթե նրանք ցանկանան, ապա թուրքերեն կամ մեկ այլ լեզվով կարող են դպրոցներ բացել»: Քոլաթի վստահեցմամբ` Գերմանիայում բնակվող թուրքերի ակնկալիքները չեն սահմանափակվում մեկ-երկու թուրքական դպրոցների բացմամբ: Նրանք կարևորում են գերմանական կրթական համակարգում թուրքերենի տեղ զբաղեցնելն ու ամրապնդումը: Առայժմ հայտնի չէ, թե քանի թուրքական դպրոցի բացման մասին է խոսքը: Ըստ Քոլաթի` մի քանի թուրքական դպրոցների բացումը բացասաբար չի անդրադառնա գերմանական կրթական համակարգի վրա. «Այստեղ հատուկ դպրոցների ստեղծման ժամանակ գերմանական պետությունն ինքն է ներդրումներ անում, դրա համար էլ թուրքական ներդրման կարիքը չկա: Եթե վարչապետ Էրդողանը կարծում է, որ, 3-4 դպրոցներ բացելով, կլուծի թուրք երեխաների կրթական խնդիրները, ապա սխալվում է: Գերմանիայում մոտավորապես 600000 երեխա ունենք, քանի՞ դպրոց է պետք բացել: Այդ թվաքանակն ընդհանրապես բավական չէ: Անհրաժեշտ է, որ թուրքերենը տեղ զբաղեցնի գերմանական դպրոցական համակարգում»:
Գերմանացի հոգեբան Լալե Աքգուենի համոզմամբ` Գերմանիայում թուրքական դպրոցների բացումը փակուղային իրավիճակ է առաջացնելու: Նման դպրոցներ կհաճախեն միայն թուրքական ընտրանու երեխաները, որոնք այդ կերպ կցանկանան տիրապետել 2-3 օտար լեզվի: Բացի այդ, կանխատեսվում է, որ Գերմանիայում թուրքական դպրոցները երբեք էլիտար չեն դառնա: Ավելին, այդ դպրոցների շրջանավարտները չեն կարող դիմել գերմանական և անգամ թուրքական բուհեր:
Գերմանիայում թուրքական դպրոցների բացման արդյունքում ավելի կբարդանա գերմանական հասարակությանը թուրք վտարանդիների ինտեգրման գործընթացը: Միևնույն ժամանակ Գերմանիայում առկա թուրքական ազդեցիկ համայնքը կարող է թուրքական իշխանությունների ձեռքում ծառայել որպես անհրաժեշտ լծակ` շահարկելու մի շարք խնդիրներ, այդ թվում նաև` ԵՄ-ին անդամակցելու հարցը: Այսինքն, իրականում Էրդողանին շատ քիչ են հուզում գերմանական թուրքերի կրթական գործերը, ինչն իրականում Թուրքիայում շատ ավելի բարձր մակարդակի վրա է: Ինչ վերաբերում է Գերմանիայում թուրքական դպրոցների բացման վերաբերյալ Մերկելի դիրքորոշման մեղմացմանը, ապա կարելի է կարծել, որ դրանում էական դեր է խաղում այն հանգամանքը, որ Գերմանիայում բնակվում է 3-3,5 միլիոն թուրք, 700000-ը` ընտրողներ, որոնց աջակցության կարիքն զգում է իշխող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Պետք է նշել, որ վերջին շրջանում Գերմանիայում հաճախակի են դարձել Մերկելի և իշխող կուսակցության հանդեպ քննադատություններն ու դժգոհությունները, որոնց պատճառով որոշակիորեն սասանվել են նրանց դիրքերը: Մարտի սկզբին Գերմանիայում անցկացված հարցախույզի մասնակիցների 71 տոկոսը կարծում է, որ վերջին չորս տարիներին երկրում կտրուկ աճել է սոցիալական անարդարությունը, գրեթե 60 տոկոսն անարդարացի է համարում հասարակության մեջ եկամուտների բաշխման գոյություն ունեցող համակարգը: Այսօր գերմանացիների երեք քառորդը պատրաստ է ապրելու սոցիալիստական երկրում: Մերկելի քաղաքականությունը հարուցել է նաև նախագահ Հորսթ Քյոլերի դժգոհությունը, որն առաջարկում է լուրջ բարեփոխումներ իրականացնել: Բացի այդ, Մերկելի այս նոր մոտեցումը կարող է պայմանավորված լինել մի շարք հարցերում Թուրքիայից ունեցած ակնկալիքներով, որոնց թվում պետք է դարձյալ նշել ԵՄ-ին անդամակցելու խնդրում թուրքական կողմի հնարավոր զիջողականությունը:
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ